ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտնում են , որ ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն զենք չէր տեղափոխվում, այլև ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր:
Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան: Դեպքի վայրում են նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի անդամները։
Ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր:
Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արդյունքում` զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։