Միրզոյանը հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հնդիկ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարը
Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպմանը Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման ուղղությամբ հնարավոր մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ինչ է որոշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը

023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանըորոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանըմիաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։

Նշվում է, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։
Նրանք քննարկել են նաև մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ օրակարգի հարցեր՝ անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:
Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարը
Ընդգծվել է խորհրդարանական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև միջազգային բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մարտի 3-4-ը աշխատանքային այցով կլինի Հնդկաստանում՝ մասնակցելու «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովին: