Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Լարսի անցակետը հատել դեռևս չի թույլատրվում բեռնատարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ–ն` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում վատ եղանակից հետո երթևեկությունն արդեն թույլատրվում է մարդատար մեքենաների և ավտոբուսների համար:
Հիշեցնենք` եղանակային պայմանների պատճառով Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը այսօր առավոտյան երկու ուղղություններով ամբողջությամբ փակվել էին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Օդերևութաբանների կանխատեսումներով` այս հատվածում կարող է առատ ձյուն տեղալ, ինչը կավարտվի մարտի 6–ին։ Առավելագույն տեղումներ են սպասվում մարտի 5–ին և 6–ին։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։