ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանում տարեկան ախտորոշվում է 80-100 առաջնակի մանկական (0-18տ․) քաղցկեղի դեպք։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Առաջնակի մանկական (0-18տ․) քաղցկեղի դեպքերից մոտ 40%–ը կազմում են լեյկեմիաները և լիմֆոմաները, մնացած 60%–ը վերաբաշխված է սոլիդ ուռուցքների միջև»,–նշված է պատասխանում։
Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների` վերջին տարիներին նկատվում է քաղցկեղով հիվանդացող երեխաների թվի չնչին աճ։
2019 թվականին հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով երեխաների թիվը եղել է 89 (բնակչության շրջանում հայտնաբերված չարորակ նորագոյացությունների դեպքերի ընդհանուր թիվը` 7908): 2020 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 70 (բնակչության շրջանում հայտնաբերված չարորակ նորագոյացությունների դեպքերի ընդհանուր թիվը` 6934):
2021 թվականին չարորակ ուռուցք է հայտնաբերվել 0–17 տարեկան 80 երեխաների մոտ (հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը` 7640):
Նախարարությունից հայտնում են, որ քաղցկեղով հիվանդացող երեխաների թիվը վերջին տարիներին չնչին աճ է գրանցել, քանի որ ախտորոշումն արդիականացվել է, դիմելիությունը` բարձրացել, և ՀՀ-ում ժամանակակից բուժման լիարժեք հասանելիություն կա։
«Կախված ուռուցքի տեսակից` տարածվածությունը տարբեր տարիքային խմբերում խիստ տարբերվում է։ Հիվանդացած երեխաների 75%–ը լիարժեք առողջանում է»,– ընդգծում է նախարարությունը։
Ըստ գերատեսչության` Հայաստանի վիճակագրական տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանված հիվանդացության ցուցանիշներին։
1995թ․ ի վեր Հայաստանում առողջացել է մոտ 3000 երեխա։