«Երկաթե» Գասիևի հաղթական վերադարձը, կամ ինչպես 104 կգ քաշով ամերիկացին տապալվեց 1 հարվածից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում ներկայիս առաջատարը՝ Ալեքսանդր Ուսիկը, առայժմ անպարտելի է ռինգում։ Մուրադ Գասիևը, որն արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն, մոտ ապագայում նպատակ է դրել այս քաշային կարգում վերադարձնել իրեն պատկանող չեմպիոնական գոտիները։
Sputnik
Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ ծանր քաշային Մուրադ Գասիևից երկու ռաունդ պահանջվեց ամերիկացի Մայք Բալոգունին հաղթելու և WBA intercontinental չեմպիոնական գոտին նվաճելու համար:
Մուրադ Գասիև
Բռնցքամարտի սիրահարները մարտի 3-ին շատ էին սպասում Մուրադ Գասիև - Մայք Բալոգուն մենամարտին։ Բանն այն է, որ 2018 թվականին Ալեքսանդր Ուսիկին չեմպիոնական WBA, WBO, WBC և IBF գոտիները պարտվելուց հետո Գասիևը 5 տարվա ընթացքում ընդամենը 3 մենամարտ էր անցկացրել, ու հենց ամերիկացու հետ մենամարտով էր վերադառնում մեծ սպորտ։ Մինչև մենամարտը Գասիևն արդեն նշել էր, որ ուրախ է վերադառնալ ռինգ և իր նպատակն է հասնել չեմպիոնական նվաճման։
Գասիևը, որին բռնցքամարտում անվանում են նաև «երկաթյա», իր ուժեղ հարվածներով հայտնի է շատերին։ Իսկ ահա ամերիկացի բռցքամարտիկից կար միայն մեկ տեղեկություն. Բալոգունը ռինգում անցկացրել էր 20 մենամարտ, տոնել նույնքան հաղթանակ, և 20 հաղթանակներից 16-ում իր մրցակիցների նկատմամբ առավելության հասել նոկաուտով կամ ժամանակից շուտ։
Այսինքն` բավականին լուրջ մրցակից էր բաժին հասել օս բռնցքամարտիկին։ Ամերիկացու միակ, բայց նշանակալից թերությունն այն էր, որ Բալոգունը 39 տարեկան է ու հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է նա մենամարտի համար նախատեսված 10 ռաունդներում իրեն դրսևորելու ռինգում։
Մայք Բալոգուն
Բայց մենամարտը շատ կարճ տևեց, ու խոսել ամերիկացու ֆիզիկական պատրաստականության մասին, հնարավոր չէ։
Մուրադ Գասիևը վճռորոշ մենամարտից առաջ շնորհակալություն է հայտնել երևանյան երկրպագուներին
Փոխարենը կարող ենք խոսել Գասիևի ուժեղ հարվածների կամ տվյալ դեպքում` մեկ հարվածի մասին։ Մեծ հաշվով` այս մենամարտում չհասցրինք հասկանալ, թե իրականում ինչ հարվածների է տիրապետում Գասիևը, քանի որ տեսանք ընդամենը մեկը, ու այն էլ երկրորդ ռաունդում։
Առաջին ռաունդում մրցող բռցքամարտիկները 3 րոպե ծախսեցին միմյանց հետախուզելու համար։ Դժվար էր պատկերացնել, որ այսպիսի հանգիստ մեկնարկից հետո խաղն ավարտվելու է հենց երկրորդ ռաունդում։
Գասիևը սկսեց ճնշել ու ի վերջո սեղմելով Բալոգունին ռինգի ճոպաններին` աջ ուղիղ հարվածով տապալեց 104 կգ կշռող ամերիկացուն, որը մրցավարի տասը հաշվի ժամանակ չկարողացավ ոտքի կանգնել։
Այս հաղթանակով դժվար է գնահատել Գասիևի հնարավորությունները ապագայում, չնայած նախորդ մենամարտերից հայտնի են նրա ուժգին հարվածները, որոնցից հետո օս բռցքամարտիկն իր 29 հաղթանակներից 22-ում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ ժամանակից շուտ։
Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը հաղթանակ տոնեց Երևանում
Այս մենամարտում Մուրադ Գասիևը ներկայացնում էր Ռուսաստանը, բայց արդեն հայտնի է, որ նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այսինքն` սպասվող մենամարտերում Գասիևը ներկայացնելու է Հայաստանը, և միգուցե այդ մենամարտերում մենք կտեսնենք նրա մարտ վարելու իրական գեղեցկությունն ու բազմատեսակ հարվածները, որոնց տիրապետում է։
Մենամարտի ավարտից հետո Գասիևը նշեց, որ շատ ուրախ է վերադառնալ ռինգ, բնականաբար ոգևորել է հաղթանակը, և նոր հաջողությունների ակնկալիքներով շարունակելու է մարզվել։
Մեզ մնում է սպասել ու հավատալ, որ Մուրադ Գասիևն արդեն Հայաստանը ներկայացնելով ռինգում` նոր ու նշանակալից հաղթանակներ կտոնի ապագայում։