Զոհված զինծառայող Պալյանի ծնողները մի քանի ժամով փակել էին Գյումրի–Երևան ճանապարհը

Զոհված զինծառայող Պալյանի ծնողները մի քանի ժամով փակել էին Գյումրի–Երևան ճանապարհը
Պալյան Պողոսյանի ծնողներն արդեն բացել են ճանապարհը, սակայն շեշտել են, որ իրենց տված խոստումը չկատարելու դեպքում նոր քայլերի կդիմեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Սյունիքի մարզի մարտական դիրքի վագոն–տնակում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի ծնողներն այսօր մի քանի ժամով փակել էին Գյումրի–Երևան ավտոճանապարհը, ինչից հետո բացել են այն։ Ոստիկանները ճանապարհ բացելուց հետո խոստացել են, որ համապատասխան մարմինները կօգնեն մարտի 7-ին հանդիպել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը` Պալյանի հայրը` Ջիվան Պողոսյանը, հայտարարել է, որ նոր քայլեր կձեռնարկեն, եթե չհաջողվի հանդիպել Պապիկյանի հետ։
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ին։ Տնակը, որտեղ բռնկվել է հրդեհը, զինծառայողների համար նախատեսված կացարան է եղել։ Ցավոք, դեպքի հետևանքով ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին, և հուլիսի 26-ին Պալյանը մահացել է։ Այդ ժամանակ ևս 3 զինծառայող տուժել էին։
Ծնողներն ընդգծում են, որ դեպքից ամիսների անց դեռ ոչ մի առաջխաղացում չկա։ Նրանք ցանկանում են պարզել` ինչու ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել իրենց որդու մահվան համար։
Հիշեցնենք` հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը մահացել է: