«Զանգեզուրի միջանցք» ասելով` աջակցում եք Ադրբեջանի տարածքային նկրտումներին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Բունդեսթագում
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ վերջերս Ադրբեջանի նախագահը հանրայնորեն ընդունել է, որ եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ մի կետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բունդեսթագում իր ելույթի ժամանակ կոչ է արել գերմանացի գործընկերներին ուշադիր լինել «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը գործածելիս` բացատրելով, որ նույն բառը երբեմն կարող է մի քանի իմաստ ունենալ, հայտնում են կառավարությունից։
«Սովորաբար Եվրոպայում, ասելով միջանցք, մարդիկ հասկանում են երթուղիներ, որոնք տրամադրում են ավելի լավ որակով տրանսպորտային ծառայություններ։ Բայց մեր իրավիճակն այն է, որ մենք ունենք իրավաբանորեն համաձայնեցված կետ միջանցքի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի մեր եռակողմ հայտարարության մեջ, որով վերջ տրվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին։ Այսպիսով, այդտեղ մենք ունենք միայն մեկ կետ միջանցքի մասով, և դա Լաչինի միջանցքն է, որն այս պահին արգելափակված է»,– հայտարարել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նույն հայտարարությունում կա 9-րդ կետը, որը տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական երթուղիների բացման մասին է։ Այնտեղ կա կետ, ըստ որի` Հայաստանը պետք է կապ ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, բայց չկա որևէ կետ, որ այդ երթուղիները պետք լինեն Հայաստանի վերահսկողությունից դուրս։
«Այդ երթուղին պետք է գործի մեր տարածաշրջանի ճանապարհների, երկաթգծի բացման համատեքստում։ Պետք է նշեմ, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ այսօր բացել բոլոր հաղորդակցությունները։ Բայց ամեն անգամ, երբ մենք փորձում ենք դա անել, Ադրբեջանն ասում է, որ այս երթուղիները չպետք է լինեն Հայաստանի վերահսկողության և օրենսդրության ներքո, որը բացարձակապես անընդունելի է մեզ համար»,– ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանի նախագահը հանրայնորեն ընդունել է, որ եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ մի կետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, և հենց նա էր, որ այդպիսի հասկացություն է ներմուծել տարածաշրջանային կապերի համատեքստ։
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ բառակապակցության օգտագործումը կնշանակի աջակցություն Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի դեմ։
Արարատ Միրզոյանը պատասխանել է Ալիևի` «Զանգեզուրի միջանցքում» անցակետ ունենալու առաջարկին