ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով հատուկ վերանայման բողոքը: Իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
Նա տեղեկացնում է, որ դատարաննարձանագրել է` ՀՀ վարչապետին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները։
Խախտվել են նաև իրավաչափ շահերը՝ շարասյան ղեկավար և պատասխանատու կազմի պաշտոնատար անձանց արարքների քրեաիրավական գնահատման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու իմաստով։
«Բազմիցս նշել եմ, որ այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը»,– գրել է նա։
Րաֆֆի Ասլանյանը չի բացառում, որ իշխանությունը փորձելու է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով բեկանել այս դատական ակտը և փակել իր համար խոցելի թեման։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։