Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է. Փաշինյանն արդեն ընտրե՞լ է փոխարինողին․ ԶԼՄ

Այժմ քննարկվում է, թե ուր է գնալու Սուրեն Պապիկյանը, և ով է նրան փոխարինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանական աղբյուրները պնդում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնից Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է, այժմ քննարկվում է իրականացման մեխանիզմը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, թե չնայած մամուլում գրվեց, որ թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, սակայն այդ լուրերը, ըստ ամենայնի, հենց նա էլ տարածում է:
«Հրապարակի» աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հակված է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, որը պատերազմից հետո տարբեր ֆորմատներով՝ թե՛ գերիների փոխանակման, թե՛ սահմանազատման հարցերով ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցել է և լեզու գտել նրանց հետ, ինչն ամենագնահատելի գործոններից է Փաշինյանի համար:
Հիշեցնենք, որ 2021-ին ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 15-ի հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար։ Մեկ այլ հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել էր պաշտպանության նախարարի պաշտոնից։
Հավելենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո սոցցանցերում պահանջում էին Սուրեն Պապիկյանի հրաժարականը։