Փաշինյանը, Խաչատուրյանն ու Սիմոնյանը շնորհավորել են բուլղարացիներին Ազգային տոնի առթիվ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները համոզմունք են հայտնել, որ հայ–բուլղարական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն և շարունակում են զարգանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել բուլղարացի գործընկերներին։
Փաշինյանը Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևին շնորհավորել է և նշել, որ բարձր է գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը։
«Կարևորում եմ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների: Կարևորում ենք Բուլղարիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետը Դոնևին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ շնորհավորական ուղերձը հղել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին և ընդգծել`հայ–բուլղարական հարաբերությունները հիմնված են ժողովուրդների բարեկամության, պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա, որոնք շարունակում են զարգանալ։
«Ջերմությամբ եմ հիշում Սոֆիայում կայացած մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական երկխոսություն ունեցանք միջպետական կապերի հեռանկարների վերաբերյալ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության ներուժի հետագա խթանմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»,– ասել է Խաչատուրյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Twitter-ի իր միկրոբլոգում ընդգծել է, որ հայերը մեծ դերակատարում են ունեցել Օսմանյան տիրապետությունից Բուլղարիան ազատագրելու գործում։
Նա նշել է, որ բուլղարացիները մեր պատմական բարեկամներն են, և Հայաստանը ձգտում է խորացնել Բուլղարիայի հետ հարաբերությունները, այդ թվում` խորհրդարանական հարթությունում։