ՀՀ-ն համաձայնել է տարանջատել ԼՂ խնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից․ Փաշինյան

Հայաստանի և Արցախի դրոշներ
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է երեք հիմնական ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Բեռլինում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն: Չխորանալով մանրամասների մեջ՝ կցանկանայի նշել, որ հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված, և մեզ համար հանդիսանում են առաջնային մտահոգության հարցեր»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է։
Խաղաղության պայմանագիրը չպետք է ՀՀ–ի համար կապիտուլյացիայի փաստաթուղթ լինի. Փաշինյան
Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով` համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:
Տարօրինակ իրավիճակ է. Փաշինյանը` Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» հայտարարության մասին
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ է մեկնել Բեռլին։ Նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ինչից հետո այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ, որտեղ ելույթ է ունեցել։ Նախատեսվում է նաև հանդիպում ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։