Ֆիրդուսին նոր թաղամաս կդառնա մե՞ր հաշվին. ինչու փոխհատուցման 112 պայմանագիր դեռ չի կնքվել

Ֆիրդուսի բնակիչների բողոքի ակցիան. Արխիվային լուսանկար
Ֆիրդուսի թաղամասի շուրջ ծագած խնդիրները դեռ չեն գտել իրենց լուծումները։ Փոխհատուցում չստացած բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում, իսկ տարածքը ձեռքբերողը դատարան է դիմել, որպեսզի բնակիչներին հարկադրաբար հանեն իրենց տներից։
Sputnik
Ֆիրդուսի թաղամասի մի շարք բնակիչներ իրենց իրավունքները փորձում են պաշտպանել դատարանում։ Եթե ՀՀ դատարանների որոշումները բնակիչներին չբավարարի, նրանք պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան և համոզված են, որ կշահեն դատը։ Միայն թե դատական պրոցեսը կարող է տարիներ տևել։ Եվրոպական դատարանում դատը շահելու դեպքում դատարանը ոչ թե տարածքը ձեռքբերողին, այլ պետությանը կպարտավորեցնի համարժեք փոխհատուցում տրամադրել բնակիչներին։
ՀՀ կառավարության 2007 և 2018 թվականներին ընդունած որոշումներով Ֆիրդուսի թաղամասի տարածքը ճանաչվեց հանրային գերակա շահ։ Նախատեսվում էր մինչև 2024 թվականի սկզբն ունենալ նոր` 33–րդ թաղամաս, որտեղ կլինեին մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարաններ, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր։ Բայց տարիներ անց տասնյակ քաղաքացիներ դեռ փոխհատուցում չեն ստացել, և նրանց համար արդեն հարցականի տակ է` արդյոք կառավարությունում հասկանում են հանրային գերակա շահ եզրույթի իրական իմաստը։
Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ 2007 թվականից սկսած Ֆիրդուսի տարածքում օտարման ենթակա է եղել մոտ 373 գույք։ Մինչ օրս գույքի փոխհատուցման 261 պայմանագիր է կնքվել։ Այս պահին 112 պայմանագրեր դեռ կնքված չեն։
Նշենք, որ քաղաքացիներից շատերը դեմ են փոխհատուցման արժեքին։ Նրանք համարում են, որ դա որևէ կապ չունի իրական շուկայական արժեքի հետ։
Փոխհատուցում չստացած քաղաքացիների թվում է նաև Սաֆարյանների 28 հոգանոց (եռահարկ շենքում ապրում է 12 ընտանիք) ընտանիքը։
Ֆիրդուսի բակերից մեկը
Օրենքը նախատեսում է, որ այն դեպքում, երբ տարածքը ձեռքբերողի և տարածքի սեփականատիրոջ միջև համաձայնություն չի կայանում, ձեռքբերողը անշարժ գույքի գնահատում է կատարում և այդ գնահատման հաշվետվությամբ մտնում է ընդհանուր իրավասության դատարան ` հարկադիր կարգով գույքն օտարելու պահանջով։
Սաֆարյանների ընտանիքի և տարածքը ձեռքբերողի միջև դատական գործը սկսվել է 2022 թվականին։ Ձեռքբերողի ներկայացուցիչը 2021 թվականի դեկտեմբերին դատարան հայց է ներկայացրել` պահանջելով գույքը հարկադիր կարգով իրենց տրամադրելու։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սաֆարյան ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբան Հերմինե Ավետիսյանը ասաց, որ ձեռքբերողը դատարանին տրամադրել է իրենց կողմից կատարված գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 408 մլն դրամ։ Այսինքն` անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի համար առաջարկվում է վճարել 710 ԱՄՆ դոլար։ Այդ գումարով Սաֆարյանների 12 ընտանիքները չեն կարող իրենց համար անշարժ գույք ձեռք բերել։
Սաֆարյան ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբան Հերմինե Ավետիսյանը
Այս դեպքում գույքի սեփականատիրոջ ներկայացուցչին մնում է դատարան միջնորդություն ներկայացնել սեփականատիրոջ միջոցներով անհատ փորձագետի գնահատման հաշվետվությունը ներկայացնելու համար, որը կկարողանա ապացուցել, որ իրականում անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը 710 դոլար չէ, այլ ավելի բարձր։
Նշենք, որ ըստ տարբեր աղբյուրների, Երևանի կենտրոնում անշարժ գույքի 1 քմ–ի արժեքը տատանվում է 2500-5000 ԱՄՆ դոլարի միջակայքում։ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը պետք է տրվի շուկայական արժեքից 15 % ավելի գումար։
Դեռևս 2021 թվականին հուլիսի 9-ին ՀՀ նախկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում Ավինյանը հայտարարել էր, որ գույքերի փոխհատուցման գումարը 1 քառակուսի մետրի համար 600-700 ԱՄՆ դոլարից դարձել է 1700-2000 ԱՄՆ դոլար:
Բացի այդ, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան վավերացրած բոլոր երկրներում Եվրոպական դատարանն ունի նախադեպային որոշում, որում նշվում է, որ եթե պետությունը մարդու գույքը վերցնում է և փոխհատուցում է տալիս, պետք է հաշվի առնի, թե տվյալ գույքը ինչնպատակով է օգտագործում։
Ֆիրդուսի բնակիչների մեծ մասը պահեստներ ունեն, որտեղ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, օրվա հաց վաստակում։ Նրանց վրդովվեցնում է, որ տարածքը ձեռքբերողը ցանկանում է տարածքը վերցնել ու կադաստրային արժեքով ուղղակի մակերես գնահատել, որն անընդունելի է։
Ըստ փաստաբանի` Սաֆարյանների և փոխհատուցում չստացած քաղաքացիների խնդիրը նրանում է, որ մի շարք փորձագետներ չեն ցանկանում ներքաշվել գնահատման պրոցեսի մեջ` հաշվի առնելով, որ տարածքը ճանաչվել է գերակա շահ և գործ ունեն պետության հետ։
Սաֆարյանների փաստաբանը դատաապրանքագիտական փորձաքննության միջնորդությունն արել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին և առաջադրել «Գրանտ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ի թեկնածությունը։
Չնայած այն հանգամանքին, որ մինչ միջնորդությունը ՓԲԸ-ի հետ բանակցային գործընթաց է եղել, ընկերությունը մեկ ամիս անց դատարանին վերադարձրել է դիմումը` պարզաբանելով, որ իրենց անշարժ գույքի գնահատման մասնագետը խիստ ծանրաբեռնված է և չեն կարող փորձաքննություն իրականացնել։
Դրանից հետո դատարանը մերժել է սեփականատիրոջ փաստաբանի` փորձագետ ներգրավելու երկրորդ միջնորդությունը, որը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում։ Չսպասելով Վերաքննիչ դատարանի որոշմանը` առաջին ատյանի դատարանի դատավորը ձեռքբերողի ներկայացուցիչներին տվել է կատարողական թերթ, որի հետևանքով փորձագետները հարկադիր կատարման ծառայողների հետ այցելել են բնակիչների տարածք։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ֆիրդուսի թաղամասում հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրել էին պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։
«Փորձագետները եկել են փորձաքննություն իրականացնելու , մենք շատ քաղաքակիրթ ձևով իրենց բացատրել ենք, որ իրենց նշանակման հետ կապված որոշումը վիճարկվում է Վերաքննիչ դատարանում: Քանի դեռ որոշումը բողոքարկվում է, դատարանը կատարողական թերթ տալու իրավունք չունի, որովհետև չկա վերջնական դատական ակտ»,–ասում է փաստաբանը։
Հունվարի 13-ի դեպքերից հետո Սաֆարյանների ընտանիքի պաշտպանը դիմել է դատարան` հարկադիր ծառայողների անհամաչափ գործողությունները վիճարկելու համար։
Դատարանում տարածքը ձեռքբերողի ներկայացուցիչները ևս քայլեր են ձեռնարկում, որպեսզի բնակիչների սեփականությունը հարկադիր կերպով օտարեն։ Նրանց այդ հարցում օգնում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը, որի միջոցով էլ ձեռքբերողը առաջարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի թեկնածությունը, որը անշարժ գույքի գնահատման ևս մեկ հաշվետվություն պետք է ներկայացնի։
Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով (փորձաքննություն նշանակելը) դատարանը նման որոշում կայացնելու իրավունք ևս չուներ։
«Հայցվորը, որն այս պարագայում ձեռքբերողն է, դատարան է մտել արդեն իսկ արված փորձաքննությամբ և երկրորդ փորձագետ առաջադրելու իրավունք չուներ»,–նշում է փաստաբանը։
Ավետիսյանի խոսքով` ամենամեծ խնդիրն այն է, որ կառավարության որոշումը, որով գույքը ճանաչվել է հանրային գերակա շահ, չի բխում բոլորի շահերից։ Ֆիրդուսի թաղամասում եղել են այնպիսի շենքեր, որոնք քանդման ենթակա էին, բայց կան նաև գույքեր, որոնք և՛ իրենց արտաքին տեսքով, և՛ սեյսմիկ տեսանկյունից որևէ խնդիր չունեն։
Փորձագիտական եզրակացություն այն մասին, որ անշարժ գույքը սեյսմիկ տեսանկյունից որևէ խնդիր չունի
«Այս պահին մեր ձեռքի տակ կա նաև 2 եզրակացություն, որ այդ անշարժ գույքերը սեյսմիկ տեսանկյունից որևէ խնդիր չունեն։ Այդ եզրակացությունների հիման վրա անշարժ գույքի վրա կարող է ավելացվել ևս երկու հարկ, և այն որևիցե խնդիր չի ունենա»,–ասաց փաստաբանը։
Փորձագիտական եզրակացություն այն մասին, որ անշարժ գույքը սեյսմիկ տեսանկյունից որևէ խնդիր չունի
Խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի պարզաբանումները լսելու համար մենք նաև կապ հաստատեցինք տարածքը ձեռքբերողի` «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Գեղամ Թադևոսյանի հետ, վերջինս սակայն, լսելով հարցազրույցի թեման, արձագանքեց. «Ինչ կապ ունի, որ ես եմ ներկայացուցիչը։ Ես ո՛չ ժամանակ,ո՛չ էլ ցանկություն ունեմ ձեր հարցերին պատասխանելու»։ Նա առաջարկեց, որ մեր հարցերը քաղաքապետարանին ուղղենք։
Չնայած, որ ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 22–ի N 332-Ն որոշմամբ նախատեսված է, որ օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին, քաղաքապետարանից նպատակահարմար չգտան մեկնաբանություն տալու։
«Քանի որ այս պահին գործը դատաքննական փուլում է, և Երևանի քաղաքապետարանը դատական կողմ չի հանդիսանում, նպատակահարմար չենք համարում մեկնաբանել խնդիրը ` գերադասելով, որ կողմերը գան համաձայնության»,– Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սաֆարյանների փաստաբանը խնդրի լուծումը տեսնում է Եվրոպական դատարան դիմելու մեջ։ Նման նախադեպ եղել է 2016 թվականին, երբ Վարյա Սաֆարյանն իրեն պատկանող գույքը որոշել է բաժանել իր երեխաների միջև։
ՀՀ դատարաններն արձակել էին որոշումներ, որ Վարյա Սաֆարյանն իրավունք չունի իր գույքը բաշխել սեփական երեխաների միջև, քանի որ սեփականությունը հանրային շահի իրացման գոտում է գտնվում։ Մինչդեռ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ դա սեփականատիրոջ իրավունքների շատ կոպիտ ոտնահարում է, և սեփականատերը, անկախ նրանից, թե ինչ գոտում է գտնվում, իրավունք ունի տնօրինելու իր անշարժ գույքը։
2016 թվականին Եվրոպական դատարանը որոշել է, որ 88–ամյա Վարյա Սաֆարյանն իրավունք ունի բաժանել իր գույքը իր ժառանգների միջև
Միայն թե այս դեպքում, եթե անգամ Եվրոպական դատարանն ի օգուտ սեփականատերերի որոշում կայացնի, տարածքը ձեռքբերողը «ջրից չոր դուրս կգա», քանի որ ոչ մի փոխհատուցում իր գրպանից չի տա։ Եվրոպական դատարանը պետությանը կպարտավորեցնի համապատասխան փոխհատուցում տրամադրել բնակիչներին, որն էլ կլինի հարկատուների գրպանից։