ԵՐԵՎԱն, 2 մարտի – Sputnik. Վրաստանի խորհրդարանում պաշտպանության և արտաքին կապերի հանձնաժողովների համատեղ նիստում օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագծի քննարկումը սկսվել է ծեծկռտուքով։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը վերաբերում է միայն իրավաբանական անձանց, իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը պատճենվել է ամերիկյան օրենքից։ Երկուսն էլ նախաձեռնել են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը ներկայացնող պատգամավորները։ Արդեն հայտնի է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է օգտվել վետոյի իրավունքից։
Սկզբում բախում է եղել նիստերի դահլիճի դռների մոտ, քանի որ պատգամավորները որոշել են դռնփակ նիստ անցկացնել և թույլ չտալ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը։
Ընդդիմադիր պատգամավորները փորձել են բացել դռները, և հենց այդ ժամանակ էլ «Վրացական երազանք» և «Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է սկսվել։
Պատգամավորների երկրորդ կռիվը տեղի է ունեցել նիստերի դահլիճում։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ծեծկռտուք են սկսել «Վրացական երազանքի» պատգամավորների և «Ժողովրդի ուժ» ՀԿ–ի հետ։
Խորհրդարանականները շրջել են սեղանները, շուրջ 40 րոպե «հարաբերություններ պարզել»։
Ներկա պահին հանձնաժողովը վերսկսել է աշխատանքը, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ՀԿ–ների և ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հանձնաժողովների անդամ չեն, շարունակում են բողոքել նիստերի դահլիճի մոտ, իսկ դռան մյուս կողմում դեռ հնչում են պատգամավորների բղավոցները։
Զոգահեռ ակցիա է ընթանում նաև խորհրդարանի շենքի դիմաց։