ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է «ապակառուցողականության» վերաբերյալ Բայրամովի մեղադրանքներին

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն օրերս Հայաստանին կոչ էր արել «վերադառնալ բանակցությունների սեղանին»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերը խաղաղության պայմանագրի բանակցությունների հարցում Երևանի «ապակառուցողականության» մասին:
Փետրվարի 28-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանն անհիմն կերպով խուսափում է Բաքվի հետ կառուցողական բանակցություններից՝ լուրջ հարված հասցնելով թե՛ բանակցություններին, թե՛ խաղաղ գործընթացին։
«Հայկական կողմը, ինչպես արդեն իսկ հայտարարվել է, չի կասեցնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչի ապացույցն է նախորդ տարվա դեկտեմբերին փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմի առաջարկների փոխանցումը ադրբեջանական կողմին»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Նշվում է նաև, որ հունվարին Բաքուն ի պատասխան նոր առաջարկներ է ուղարկել, որոնց նույնպես հայկական կողմը պատասխանելէ։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ Երևանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի հերթական փուլը՝ ադրբեջանական կողմին փոխանցելով իր առաջարկները: Նրա խոսքով՝ խոսքը ամբողջական պայմանագրի նախագծի մասին է։ Փաստաթուղթը փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։