Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը։ Նշվում էր, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ- շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկել է Զաքար Հովհաննիսյանին:
2019 թվականի հունիսի 7-ին Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։
Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում Մաշտոցի պողոտայի մոտակայքում՝ 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան՝ Մակարով տեսակի ատրճանակի արձակված կրակոցի հետևանքով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի մասին հայտարարություն է տարածել
Հետագայում պարզ դարձավ, որ զենքը չի հայտնաբերվել, հետևաբար չկա որևէ ապացույց։ 2019 թվականի օգոստոսի 4-ին Պետրոսյանն ազատ արձակվեց Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն չէր ներկայացրել։
«Միջնորդության մեջ նշել եմ բոլոր ապացույցները, փաստական տվյալները, որոնցով ապացուցվում և հիմնավորվում է, որ մեղադրանքում նշված օրը և ժամին, նշված վայրում նման հանցագործություն տեղի չի ունեցել, այն տեղի է ունեցել բոլորովին այլ վայրում, այլ ժամի և բոլորովին այլ հանգամանքներում։ Դրա համար էլ միջնորդել եմ, որ վարույթը կարճվի»,- նշեց փաստաբանը։
Նա հաստատեց, որ Գեղամ Պետրոսյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել։
Մարտի 1-ի գործով Փաշինյանի խոստացած բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»