ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կտեղադրվի նաև ճոպանուղի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` հիշեցնելով, որ ներդրումային ծրագիրն առաջարկել էր «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ն, որը նաև այսօր գործադիրի նիստում հաստատված մեկ այլ` «Արագած» լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ծրագրի հեղինակն է։
Ավինյանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է մանկական երկաթուղու ծրագիրը։
«Ավարտական, կարելի է ասել։ Հիմա ամփոփում ենք, ձևավորում ենք ընդհանուր պատկերը, և շուտով այդ ծրագիրը ևս կներկայացնենք կառավարությանը»,– հայտնեց Վահան Քերոբյանը։
Փոխքաղաքապետը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ներդրող ընկերության հետ պայմանավորվածություն ունի, որ մանկական երկաթուղու արդիականացման ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացնի ներդրողը, իսկ ճոպանուղու կառուցման համար կներդնի մինչև 20 մլն դոլար։
«Եթե դրանից ավելի կլինի, ինչը քիչ հավանական է, միայն այդ դեպքում ենթակառուցվածքային աջակցության ծրագրով էկոնոմիկայի նախարարույունը կարող է միջամտել»,– ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 150 մլն դոլար է։