Փաշինյանը դիվանագետներին հանձնարարել է բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին. Արխիվային լուսանկար
Դիվանագետի օրվա առթիվ հղած իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է կարողանան գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը։ Դիվանագետի օրվա առթիվ հղած իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը»,-ասված է Փաշինյանի ուղերձում։
Միաժամանակ, նա նշել է, որ պետք է կարողանան գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Փաշինյանի խոսքով՝ դիվանագետների աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ 1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։