ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Անհայտ անձինք կրակոցներ են արձակել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի հայրենի Ռոսարիոյում գտնվող սուպերմարկետի ուղղությամբ և ուղերձ հղել մարզիկին: Տեղեկությունը հայտնում է TN հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 3-ին, երբ խանութը փակ է եղել։
Ըստ ԶԼՄ–ների` երկու հոգի մոտոցիկլետով մոտեցել են սուպերմարկետին, կրակ բացել և պատին գրել. «Մեսսի, մենք սպասում ենք քեզ։ Խավկինը (քաղաքի ղեկավարը) թմրավաճառ է, նա քո մասին չի հոգա»։
Արգենտինական Ռոսարիո քաղաքն արդեն մի քանի տարի է` ոչ անվտանգ քաղաք է համարվում։ 2022 թվականին այնտեղ 280 սպանություն է տեղի ունեցել։ Տասը տարվա ընթացքում քաղաքում 2327 մարդ է սպանվել։