Զինծառայողների համար նախագծման փուլում գտնվող համազգեստը տարբերվելու է որակապես և տարբերանշաններում ազգային տարրերի ներդրմամբ: Այս մասին զինծառայողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ–ն` հավելելով, որ նախարարն այցելել է N զորամաս։
Պապիկյանը ճաշել է ժամկետային զինծառայողների հետ, լսել մատուցվող սննդատեսակների մասին անձնակազմի կարծիքն ու առաջարկները:
«Նախարարը զորամիավորման և զորամասի հրամանատարների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, զրուցել հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների, նրանց անմիջական հրամանատարների հետ: Պապիկյանը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, խրամատների, դիտակետերի, դիրքային կառույցների կահավորմանը, ինժեներական աշխատանքներին, կացարանային պայմաններին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ նախարարը հրամկազմին հանձնարարել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին խրախուսել լրացուցիչ արձակուրդով:
Հիշեցնենք, որ նախատեսվում է փոփոխել դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները։ ՀՀ ՊՆ-ն նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ: Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով գերատեսչությունը հայտարարել է ծառայությունների գնման բաց մրցույթ։