Սուրեն Պապիկյանը հերթական զորամասն է այցելել և ցուցումներ տվել հրամանատարական կազմին

ՀՀ պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց մտահոգությունները։
Sputnik
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս է այցելել ու տեղում մի շարք ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ:
Նա առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց մտահոգությունները, առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական և սոցիալական ապահովության հարցերով:
Պապիկյանը սպաներին մանրամասներ է ներկայացրել մեկնարկող ատեստավորման գործընթացի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա զինծառայողների մարտական պատրաստության վրա:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարը երեկ այցելել էր հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել դիտարկող անձնակազմի հետ: