Շենքերի նկուղներն իրացված են, կտուրներին ձեղնահարկեր կան. ի՞նչ վիճակում է ՀՀ բնակֆոնդը

Հրաչ Պողոսյանն ընդգծում է` երկրաշարժից առաջ կառուցված շենքերը 9 բալանոց ցնցումներից կարող են չփլուզվել, բայց ամբողջությամբ կանգուն չեն մնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանում խորհրդային տարիներին կառուցված շենքերի նկուղների իրացված լինելը, կտուրներին 1 կամ 2-հարկանի ձեղնահարկերի կառուցումը դժբախտություն է սեյսմակայունության տեսանկյունից։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց ճարտարապետ, ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը։
Հրաչ Պողոսյան
Նա վստահեցրեց` 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված շենքերը շատ ավելի ապահով են, քան մինչ այդ եղածները։ Մասնագետն ընդգծեց` երկրաշարժից առաջ կառուցված շենքերն 9 բալանոց ցնցումներից կարող են չփլուզվել, բայց ամբողջությամբ կանգուն էլ չեն մնա։
«Խորհրդային տարիներին կառուցված շենքերի նկուղներն իրացված են` ռեստորաններ են, բարեր են և այլն։ Կտուրներին էլ մանսարդային հարկեր են կառուցված։ Սա այն դեպքում, երբ այդ շենքերն ամրացված չեն, ու թուլացումն անխուսափելի է։ Իհարկե, դժվար է ասել, թե թույլտվություններն ինչ եղանակով են տրվել կամ տրվում։ Այն տունը, որտեղ ես ապրում եմ, նույնպես նախաերկրաշարժային է, վերևի հարկում էլ մանսարդ է կառուցված: Հարևանիս ասացի, որ անգամ մի փոքր ցնցումից ներքև է ընկնելու։ Մեր շենքի նկուղում էլ է ինչ–որ բան կառուցվել»,– ասաց մասնագետը։
Նա ընդգծեց նաև, որ կառուցվող շենքերի դեպքում կարևոր դեր են խաղում նաև կոմունիկացիաները` լույսը, ջուրը, գազը։ Կառուցապատողը մինչ աշխատանքները սկսելը, երբ ներկայացնում է նախագիծը, պետք է հաշվի առնի նաև այդ հանգամանքը։
Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը
«Նախագիծն ուսումնասիրող փորձագետներն էլ ուղղություն են տալիս, թե, օրինակ, էլեկտրաէներգիայի համար որ ենթակայանից պետք է օգտվի։ Նախագծողներն էլ պարտավոր են անել բոլոր մասնագետների ցուցումները»,– նշեց Պողոսյանը։
Խոսելով Երևանի գլխավոր հատակագծի մասին՝ Պողոսյանը շեշտեց, որ այս տարվանից Երևանի նախագծային ինստիտուտում սկսել են նախագծման աշխատանքները: Թե երբ կավարտվեն դրանք, Պղոսյանը չգիտի։