ՌԴ ԱԳՆ–ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն կիրականացնեն ՌԴ–ի հետ մշակած նախաձեռնությունները

ՌԴ ԱԳՆ
Մարիա Զախարովան խոսել է նաև Արևմուտքի մասին և նշել, որ նրա պատճառով հակամարտությունների թիվն ավելանում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում կիրականացվեն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են ՌԴ-ի հետ համատեղ։
«Այս տարածաշրջանը կարելի է բառի բուն իմաստով հանգուցային անվանել, ևս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը. խմբ.) կիրականացնեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի հետ համատեղ», - ասել է նա «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։
Զախարովան Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մեջ ներքաշվելու արևմտյան փորձերը լկտիություն է անվանել։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը տարվում է ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ ճիշտ հակառակ նպատակներով։
«Ցավոք, արդեն երկար տարիներ այստեղ էլ ենք մենք նման միտում տեսնում։ Հիմա արևմտամետներն ավելի են ակտիվացել», - հավելել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան։ Ավելին` Արևմուտքի պատճառով ու նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ավելանում է:
«Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, իրավիճակը լավացել է», - ասել է Զախարովան:
Նշենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն, սակայն Եվրոպական միության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում լեգիտիմության տեսանկյունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
«ԵՄ ներկայացուցիչները խորամանկում են». Զախարովան` Հայաստանում առաքելության մեկնարկի մասին