ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն, Փաշինյանը նկատի ունի ինքն իրեն։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Մարտի 1-ը մեր պատմության մի դրվագն է, որը այն ժամանակ իրենց ընդդիմություն համարողներն ու Արցախի հարցից հրաժարվողները կարողացան տարիներ շարունակ օգտագործել, ճնշում բանեցնել պետության վրա, պետական կառույցների վրա, և այսօրվա ողբերգությունները պայմանավորված են այդ մանիպուլյացիաներով»,–ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Մարտի 1-ը այսօր տեղի ունեցող իրադարձությունների նախադեպն ու սկիզբն էր։
Վարդանյան խոսքով`մանիպուլյացիա է այն ձևակերպումները, թե 2008 թվականին խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրահանգ է տվել գործող իշխանությունը։
«Կգա ժամանակ, ամեն ինչ կբացահայտվի: Գնդակահարություն չի եղել, եղել է սահմանադրական կարգի տապալման բացահայտ փորձ, եղել են զոհեր, և հայտարարվել է արտակարգ դրություն: Եթե դուք մի քիչ ուսումնասիրեք Մարտի 1-ի կադրերը, կտեսնեք, որ այն ժամանակվա ընդդիմությունն է հրահրել և ցանկացած գնով փորձել տապալել սահմանադրական կարգը»,–ասաց նա։
Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։
Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։