ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. «Նոր Զովք» ՍՊԸ–ի գործով ձերբակալված 4 անձից 2-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նույնը լինելու է նաև մյուս 2 անձի նկատմամբ»,– նշեց Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Նոր Զովք» ՍՊԸ–ի սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ու նրանց օգնելու հարցում մեղադրվող ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերության սեփականատերը։
Հիշեցնենք` հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ավելի ուշ ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: