Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը բացվեց. ներկա էր նաև Փաշինյանը

Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Մարտի 1-ի պայքարն ու զոհողություները հասել են իրենց նպատակակետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում ընթանում է Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նիկոլ Փաշինյան
«Մարտի 1-ը սգի օր չէ, իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց Մարտի 1-ն ավելի լայն համատեքստ ունի: Այդ օրը զոհված մեր եղբայրների կյանքի պայքարի խորհուրդը բոլորովին այլ բանի մասին է։ Մարտի 1-ի պայքարն ու զոհողություները հասել են իրենց նպատակակետին, որովհետև այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը արդեն իսկ շրջված էջ է որին վերադարձ այլևս չի լինելու։ Դրա երաշխավորը ՀՀ ժողովուրդն է»,– հայտարարեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով` Մարտի 1-ն իրականում 2008 թվականի ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր։
«Մարտի 1-ն այն մասին էր, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն։ Մարտի 1-ին, հետագայում նաև 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար», - ասաց Փաշինյանը։
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը
Նշենք, որ «Ազդեցություն և հակազդեցություն» քանդակի հեղինակն Ալբերտ Վարդանյանն է։
Բարձրաստիճան այրերը Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ
Մարտի 1-ի գործով Փաշինյանի խոստացած բացահայտումն այդպես էլ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»
Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։
Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։