Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո

Հունաստանի վարչապետը դեպքի վայրում
Նախարարի խոսքով՝ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո՝ ասելով, որ ընդունում է միջադեպի քաղաքական պատասխանատվությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կարամանլիսն ասել է, որ կառավարությունը հունական երկաթուղին ընդունել է «21-րդ դարին ոչ հարիր» վիճակում։
«Այս 3,5 տարվա ընթացքում մենք բոլոր ջանքերը գործադրել ենք այս իրողությունը բարելավելու համար։ Ցավոք սրտի, այդ ջանքերը բավարար չէին նման վթար կանխելու համար, և դա շատ դժվար է բոլորիս և անձամբ ինձ համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Եվ ինքն իր պարտքն է համարում դա անել որպես զոհված մարդկանց հիշատակի հանդեպ հարգանքի նվազագույն նշան՝ «ստանձնելով Հունաստանի պետական ​​ու քաղաքական համակարգի վաղեմի սխալների պատասխանատվությունը»։
Կարամանլիսը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Հիշեցնենք` այսօր կեսգիշերին Հունաստանի Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի բնակավայրում բեռնատար և մարդատար գնացքներ են բախվել, վերջին տվյալներով` մահացել է 36 մարդ, տուժածների թիվը մոտ 130 է, որոնցից 72 հոսպիտալացվել են: Զոհվածների մեջ մեծ թիվ են կազմում ուսանողները։