ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում: Այս հայտարարությունն արել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։
Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդակցության մասնակիցներից յուրաքանչյուրը գործընկերներին կփոխանցի ՀԱՊԿ ձևաչափով համագործակցության իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ բելառուսական կողմի հնչեցրած դիրքորոշումը։ Նախարարի խոսքով՝ դա թույլ կտա մշակել ընդհանուր հայեցակարգ, որն ուղղված կլինի փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները:
Այսօրվա հանդիպումից հետո Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ կազմակերպությունում նախագահելու ընթացքում կձեռնարկվեն բոլոր հնարավոր ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը, կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը, ինչպես նաև անդամ պետությունների համատեղ գործողությունների միջոցով ՀԱՊԿ-ում փոխվստահության մակարդակի բարձրացմանը:
Այս տարի Բելառուսն է նախագահում ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: