Եվրասիայի գործող չեմպիոն Մուրադ Գասիևը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Մուրադ Գասիևը
Մարտի 3-ին Երևանում ռուսաստանցի Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգուի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիևը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ Գասիևին այսօր ընդունել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Լիահույս եմ՝ մոտ ապագայում կմենամարտեք նաև որպես հայաստանցի ներկայացուցիչ և հաղթանակած կբարձրացնեք նաև Հայաստանի դրոշը»,- ասել է Գիլոյանը` հավելելով, որ հետևելու է բռցքամարտիկի առաջիկա ելույթին:
Մուրադ Գասիևը
Գասիևն իր հերթին հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Հավելենք, որ մարտի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգուի հետ։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։
Նշենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտեն նաև Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Սամվել Ապրեյանն ու Ղուկաս Ղուկասյանը, Արման Գալստյանն ու Հայրիկ Նազարյանը։
Մուրադ Գասիևն ու Կարեն Գիլոյանը