ԵՄ դիտորդների տեղակայումը բխել է ՀՀ կարիքներից. Խանդանյանը` Լավրովի հայտարարության մասին

Սարգիս Խանդանյան. Արխիվային լուսանկար
ՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է, որ ՀՀ–ն գործընկերներին տարբեր խողովակներով հայտնում է այլ գործընկերների հետ հարաբերությունների մասին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ–ն որևէ է ցանկություն չունի երկիրը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, իսկ Եվրոպական միության քաղաքացիական առաքելության Հայաստանում տեղակայելը բխել է Հայաստանի կարիքներից։ Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
ՌԴ ԱԳ նախարարն ասել էր, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների ներկայությունը առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության չափազանցված արժեքի տեսանկյունից։
«Մենք մեր գործընկերներին տարբեր խողովակներով հայտնում ենք մեր այլ գործընկերների հետ հարաբերությունների և դրանց բնույթի մասին»,–ասաց նա։
Դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտությունն, ըստ Խանդանյանի, առաջացել է 2021-2022 թվականին երեք անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումներից հետո։
«Մենք գնահատելով առաջին առաքելության երկամսյա գործունեությունը, գտել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող դերակատարում և դրա երկարաժամկետ տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով կարող է որոշակիորեն նպաստել ընդհանարապես խաղաղության մթնոլորտի ձևավորմանը և անվտանգության համար լրացուցիչ երաշխիք լինել»,–հավելեց ՔՊ–ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։