ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ապրիլի 6-ին Երևանում կկայանա օսկարակիր կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Սանսեթ Բուլվար» բրոդվեյյան մյուզիքլի պրեմիերան։ Նորմա Դեզմոնդի դերի համար հրավիրվել է Թամարա Գվերդծիթելին, որի թեկնածությունը հաստատել են Ուեբերի գրասենյակից։ Ոլորտի փորձագետները վստահ են, որ Նորմա Դեզմոնդի դերը նոր բարձունք կդառնա հայտնի երգչուհու թատերական կարիերայում։ Այժմ նա ամեն օր աշխատում է երևանցի գործընկերների հետ։
«Հայկական հողում «Սանսեթ Բուլվարը» տաղանդների զարմանալի խտացում է։ Ներկայացման վրա հրաշալի, նրբազգաց, հոգատար մարդիկ են աշխատում։ Մենք ամբողջովին սուզվել ենք ստեղծագործության մեջ, որպեսզի պրեմիերային երևանյան հանդիսատեսին նվիրենք այն լավագույնը, որ կա յուրաքանչյուրիս մեջ։ Երջանիկ եմ, որ մյուզիքլի կյանքը Հայաստանում սկսվում է նման գլուխգործոցից»,- ասում է Գվերդծիթելին։
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Լոնդոնի Arts Educational Schools-ի շրջանավարտ Անտոն Մուզիկանտսկին է, որի ուսումնական հաստատությունը ղեկավարում է Էնդրյու Լլոյդ Ուեբերը։
«Սա ստեղծագործական լուրջ մարտահրավեր է, բայց մեր միջազգային թատերախումբը՝ հոյակապ Թամարա Գվերդծիթելիի գլխավորությամբ, փայլուն կերպով է գլուխ հանում դրանից։ Արարատին նայող փորձադահլիճում այս կրքոտ և համարձակ մարդկանց հետ աշխատելը աննախադեպ երջանկություն է»,- խոստովանում է ռեժիսորը:
Ներկայացման երաժշտական ուղեկցությունն ապահովելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ընդ որում՝ «Սանսեթ Բուլվարի» երևանյան տարբերակը այդ մյուզիքլի պատմության մեջ կմնա որպես ամենամեծ թվով նվագախմբով բեմադրություն։ Իսկ նվագախումբը կղեկավարի նախագծի բեմադրող դիրիժոր Մարիամ Բարսկայան։ Ի դեպ, Մարիամը մի շարք մյուզիքլների երաժշտական ղեկավարն է, այդ թվում` Ուեբերի «Օպերայի ուրվականի» մոսկովյան տարբերակի, որի համար նա «Ոսկե դիմակի» է արժանացել:
«Սանսեթ Բուլվար» բրոդվեյյան մյուզիքլի փորձերից մեկի ժամանակ
© Photo : Yuriy Bazhukov / provided by SKYFIST Studio
«Սանսեթ Բուլվարի» երևանյան բեմադրության մեջ շուրջ երեսուն արտիստ է ներգրավված։ Բոլորը ազգային ընտրական փուլի հաղթողներն են: Նախագծի պրոդյուսերները լսումները կազմակերպել էին 2022 թվականի հունիսին. մյուզիքլում դեր ստանալու հավակնորդների թիվը հասնում էր 120–ի (Հայաստանից և մերձավոր երկրներից)։ Յուրաքանչյուրը փորձերի երեք փուլ է անցել, այդ թվում՝ վոկալային և պարային տվյալների ստուգում։ Թատերախմբի հիմքը թատրոնի և կինոյի երևանցի դերասաններն են, որոնց թվում կան ինչպես հայտնի արվեստագետներ, այնպես էլ սկսնակ դերասաններ, որոնց համար «Սանսեթ բուլվարը» դեբյուտային աշխատանք կդառնա մեծ բեմում։
Նշենք, որ սա արևմտյան տարբերակի «փոխադրություն» չէ, այլ մյուզիքլի նոր ընթերցում՝ նախատեսված երևանցի արտիստների համար։
Նախագիծն իրականացնում է SKYFIST Studio պրոդյուսերական ընկերությունը` Էնդրյու Լլոյդ Ուեբերի The Really Useful Group Ltd թատերական ընկերության թույլտվությամբ։
«Իմ պրոդյուսերական պատմությունը պատմական հայրենիքի հանդեպ իմ պարտքն է։ Ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, թե որքան տաղանդավոր և ստեղծարար է հայ ժողովուրդը, ուստի ես պատրաստ եմ համաշխարհային նախագծեր բերել Հայաստան և դրանցում ներգրավել տեղի արտիստներին»,-ասում է «Սանսեթ Բուլվարի» երևանյան տարբերակի պրոդյուսեր, SKYFIST Studio-ի հիմնադիր և ղեկավար Պողոս Հարությունյանը։
«Սանսեթ Բուլվարի» երևանյան տարբերակը կներկայացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում 2023 թվականի ապրիլի 6-12-ը: