44-օրյա պատերազմից հետո գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ

Գերիների վերադարձ. Արխիվային լուսանկար
Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր, որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: Այս մասին հայտարարել են ՀՀ ԱԱԾ–ում տեղի է ունեցած գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստի ժամանակ։
Արձանագրվել է, որ 2022թ.–ի սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:
«Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող»,– ասված է հաղորդագրությունում:
Մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ:
Հանձնաժողովին 2022թ. դեկտեմբերի 19-ից մինչ օրս ներկայացվել է 101 գրավոր դիմում՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, իրավական, առողջապահական, սոցիալական բնույթի հարցադրումներով: Բացի այդ, եղել են նաև բանավոր դիմումներ: Դիմումների քննարկման արդյունքում դրանց մի մասին տրվել են անհրաժեշտ լուծումներ, ներկայացվել են պահանջվող տեղեկությունները, իսկ մյուս մասը ուղարկվել են իրավասու գերատեսչությունների քննարկմանը՝ տեղեկություններ, առաջարկներ ներկայացնելու համար:
Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ:
Հանձնաժողովին կից գործող աշխատանքային խումբը, բացի ծնողների հետ հանդիպումներից, հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչների հետ: