Զորամասում ու մարտական դիրքում հսկողությունը պետք է ուժեղացվի. Պապիկյանը ցուցումներ է տվել

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԶՈւ բանակային N զորամիավորումում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը, որոնց վերլուծությունը թույլ կտա արատավոր երևույթների դեմ պայքարի նոր լուծումներ գտնել:
Պապիկյանն ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել, բացառել դրանց կրկնությունները: Նա նշել է, որ արձանագրված մտահոգիչ դեպքերի դեմ համալիր գործիքակազմով պայքարի կարևորագույն քայլը դեպքերի իրական պատճառները հայտնաբերելն ու կանխարգելիչ որոշումներ ընդունելն է:
Հավաք-խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև զորամիավորման ղեկավար կազմի սպաները՝ ներկայացնելով մարտական, ոչ մարտական կորուստների, պատահարների մանրամասները` ըստ իրականացված վերլուծության:
Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար:
Պապիկյանը նշել է, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր:
Սուրեն Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը