ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծումը նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի սահմանին:
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է` դրա գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Սա նշանակում է բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտություն»,–ասել Է Լավրովը:
Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները Երևանի և Բաքվի հետ շփումներում փորձում են հասնել նրան, որ ապահովվի Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։