ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում օգտագործելու է ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու: Առնվազն խոստանում եմ, որ իրենք դրանից երջանիկ չեն լինելու», – ասաց նա։
Սիմոնյանը հավելեց, որ միջազգային առումով Հայաստանը բավական մեծ հաջողություններ է գրանցում:
«Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան Հայաստանին ու Արցախին: Այո՛, մենք տուժեցինք, այո՛, մենք ծանր ենք տանում, այո՛, մեր հայրենակիցները փակված են մնում, այո՛, մենք խնդիրներ ունենք, բայց քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ», - նշեց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանն այս պահին չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի վերաբերյալ, քանի որ այդ հարցի վերաբերյալ կա արդեն բանակցված և ստորագրված փաստաթուղթ, այն է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Ինչ վերաբերում է Արցախ–Ադրբեջան հնարավոր հանդիպումներին ու բանակցություններին, ապա ԱԺ նախագահը նշեց, որ այդ հարցը իրեն չի վերաբերում։
«Մենք կամաց–կամաց գալիս ենք այն իրավիճակին, որ Արցախի օրինական ներկայացուցիչներն իրենք են բանակցում և իրենք են որոշումներ կայացնում։ Մենք հիմա կարող ենք տարանջատել Արցախի և Հայաստանի ղեկավարությունները։ Բանակցություններն իրենք են անում, որոշումներն իրենք են կայացնում, այդ հարցը ինձ չի վերաբերում»,– ասաց նա։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Հայաստանը պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։