Հայ–ադրբեջանական խաղաղ բանակցություններն օնլայն միջավայր տեղափոխելը նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, և առցանց ձևաչափում տեխնիկական հարցեր են ճշգրտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Ավելի վաղ` փետրվարի 26–ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողներին ասել էր, որ Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով։ Իսկ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում մանրամասնել է, որ հայկական կողմի հետ ներկայում զբաղվում են առցանց դիվանագիտությամբ` տեղի են ունենում խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակումներ։
«Միջազգային պրակտիկայում նման երկրորդ դեպք չի եղել, երբ երկու երկրները միմյանց հետ առնչվեն օնլայն տարբերակով։ Սա որևէ դրական արդյունք չի կարող ապահովել»,–ասաց Բալասանյանը։
Նա նշեց, որ սովորաբար Ադրբեջանի և Հայաստանի նման հարաբերություններ ունեցող պետություններն իրար հետ առնչվում են միջնորդների միջոցով։ Այս դեպքում դա կարող էր լինել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Օնլայն դիվանագիտության անցումը միջազգայնագետին առիթ է տալիս ենթադրելու, որ ոչ թե առցանց տարբերակով խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցեր են քննարկվել, այլ տեխնիկական հարցեր են ճշտվել, որի դեպքում ուղիղ բանակցություններն ու հանդիպումներն անհրաժեշտություն չեն։
«Այսինքն` այդ պայմանագիրը պատրաստ է արդեն, բայց զարմանալիորեն այդ մասին տեղյակ չէ հասարակությունը։ Հարց է առաջանում` կա՞ նման պայմանագրի վերջնական տարբերակը, թե՞ ոչ, և երկրորդ` ո՞ր տարբերակն է ընտրվում որպես հիմնական` վաշինգտոնյա՞նը, թե՞ մոսկովյանը։ Հենց սրանից է կախված լինելու ամենակարևորը` Արցախի հարցը ինչպես է լինում»,–ասաց նա։
Այս համատեքստում Բալասանյանն ընդգծեց, որ, ընդհանրապես, 2018 թվականից սկսած, իշխանության գործելաոճն է երկիրն օնլայն կառավարելը, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունները, Արցախի հարցը օնլայն տիրույթ տեղափոխելն անլուրջ մոտեցում է լրջագույն խնդիրներին, և դրան նաև միջազգային գործընկերները չեն կարող լուրջ վերաբերվել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նրա դիտարկմամբ` այդ երկիրն այժմ թելադրողի դերում է, հետևաբար ցանկացած ֆորմատով իրենք փորձելու են իրենց ասելիքը տեղ հասցնել։
«Կարծես թե հայկական կողմը ոչ թե բանակցում է, այլ ուղղակի պարբերաբար կատարում է ադրբեջանական կողմի հրահանգները։ Թե ինչ տարբերակով կստանա այդ հրահանգը` օնլայն, օֆլայն, ուղիղ կամ անուղղակի բանակցությունների միջոցով, դա ոչինչ չի փոխում։ Գործընթացը, կարծես թե, մոտենում է իր ավարտին, և այս առումով ուղիղ բանակցություններ և հանդիպումներ կազմակերպելու իմաստ արդեն չկա»,–նշեց նա։
Միջազգայնագետը վստահ է` խաղաղության պայմանագրի շուրջ նման շտապողականությունն Ալիևին և Փաշինյանին պարտադրում է Արևմուտքը, որն այժմ մրցավազքի մեջ ՌԴ–ի հետ և փորձում է ապացուցել երկու երկրների հանրությանը, թե Ռուսաստանը 30 տարի չկարողացավ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարգավորել, իսկ Արևմուտքի ջանքերով անգամ պայմանագիր ստորագրվեց։
«Թե ինչպիսի հետևանքներ կունենա սա Հարավային Կովկասում, Արևմուտքի համար երկրորդական հարց է։ Ես չեմ կարծում, թե նման «ափալ–թափալ» ստորագրած պայմանագիրը երկար կյանք է ունենալու և վախենամ, որ սա հանգեցնելու նոր, ավելի արյունալի պատերազմի»,–կարծում է փորձագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին կառավարության նիստում ասել էր, որ Երևանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների հերթական փուլը՝ իր առաջարկները փոխանցելով ադրբեջանական կողմին։ Նա հավելել էր, որ խոսքը ամբողջական պայմանագրի նախագծի մասին է։ Փաստաթուղթը փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։