Թուրքիայում մտադիր են օրենքով պատժել երկրաշարժից հետո տան վարձ բարձրացնողներին

Օրենքը նախատեսում է մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է մշակում, որը պատիժ է նախատեսում երկրաշարժերի և համաճարակների ժամանակ բնակարանների վարձավճարների ու մթերքի գների բարձրացման համար: Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
«Արդարադատության նախարարությունը սկսել է օրենքի տեխնիկական մշակումը, որը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր երկրաշարժերի և համաճարակների ժամանակ բարձրացնում են մթերքների գներն ու վարձավճարները», - փոխանցում է գործակալությունը:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։