ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Դեպի Եռաբլուր տանող ճանապարհը կլինի կանաչապատ ու խնամված: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով արդեն իսկ մեկնարկել է շուրջ 10 հա անտառպուրակի հիմնման գործընթացը։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում անտառհիմնման համար մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն։ Նախ անհրաժեշտ է լուծել տարածքի ոռոգման խնդիրը, դրա համար շուրջ 8000 գծամետր ոռոգման ցանց է անցկացվելու։
«Կանաչապատման ռազմավարության շրջանակում Երևան քաղաքում և երևանամերձ համայնքներում պլանավորել են անտառտնկման աշխատանքներ իրականացնել։ Եռաբլուրը բոլորիս համար կարևոր նշանակություն ունի, և շատ ճիշտ ու սիմվոլիկ է, որ անտառտնկման աշխատանքները հենց այս հատվածից ենք սկսում»,– նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ծրագիրն իրականացվելու է այս տարի։ Փոխքաղաքապետը վստահեցնում է, որ դրա համար ռեսուրս ու ջանք չի խնայվելու։