Բողոքի ակցիա Ստամբուլում. ոստիկանությունն ավելի քան 100 մարդու է բերման ենթարկել

Հանրահավաքի կազմակերպիչների թվում են Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները։ Բողոքի վայր են բերվել ոստիկանության ուժերը։
Sputnik
Երեկ երեկոյան Ստամբուլում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է թուրքական TELE 1 հեռուստաալիքը, քաղաքացիները դժգոհ են երկրաշարժից տուժածներին ցուցաբերվող օգնությունից, մասնավորապես` թուրքական Կարմիր մահիկի գործողություններից։
Կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկվել վրաններ վաճառելու համար (46 մլն թուրքական լիրայով (2,4 մլն դոլար) 2050 վրան է վաճառել «Ahbap» բարեգործական ոչ կառավարական կազմակերպությանը)։ Այդ վրանները տեղափոխվել և տեղադրվել են երկրաշարժից տուժած շրջաններում։
Հանրահավաքի կազմակերպիչների թվում են Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները։ Ակցիայի անցկացման վայր են բերվել ոստիկանության ուժերը։
Կուսակցության տվյալներով՝ իրավապահներն ավելի քան 100 մարդու են բերման ենթարկել։
Բերման ենթարկելու մասին լուրերը ստանալուց հետո Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Էրքան Բաշի հետ կապ է հաստատել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա հետ քննարկել իրավիճակը։։
Նշենք, որ փետրվարի 27-ին երկու ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները` Քեմալ Քըլըչդարօղլուն (Ժողովրդահանրապետական կուսակցություն) և Մերալ Աքշեները («Լավ կուսակցություն») պետք է բանակցություններ վարեն երկրում համընդհանուր ընտրությունների նախաշեմին տարաձայնությունները հարթելու համար:
Ընդդիմությունը մինչ օրս չի հայտարարել Թուրքիայի նախագահի իր թեկնածուի անունը։ Քվեարկությունը նախատեսվում է անցկացնել այս տարի։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։