ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնի. Անդրանիկ Սիմոնյան

ԱԱԾ շենքը
ԱԱԾ աշխատակիցները յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է ատեստավորում անցնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ազգային անվտանգության տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնելու։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Սիմոնյանը` խոսելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի մասին։
«Նախագծով, բացառությամբ ԱԱԾ տնօրենի և տեղակալների, մնացած բոլոր ծառայողներն աստիճանաբար անցնելու են ատեստավորում»,– նշեց Սիմոնյանը։

Նշենք, որ ըստ առաջարկվող նախագծի, ԱԱԾ ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվելու է կամավորության սկզբունքով, այնուհետև այն կլինի պարտադիր` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ։ Ընդ որում` ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա։

Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով:
Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից: