ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տեղափոխել են ևս 49 ՌԴ քաղաքացու

Այդ քաղաքացիները Լեռնային Ղարաբաղ են ժամանել նախորդ տարի և Լաչինի միջանցքի փակման հետևանքով մնացել այնտեղ։ Նրանք ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան։
Sputnik
ՌԴ խաղաղապահները, Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով, փետրվարի 26-ին Հայաստան են տեղափոխել ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ 6 երեխաների, հայտնում է РМК տելեգրամ ալիքը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ՌԴ խաղաղապահ անձնակազմի զինծառայողները հերթական անգամ Հայաստան են տեղափոխել նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների։ Միջոցառման արդյունքում ՀՀ է տեղափոխվել 49 մարդ, այդ թվում՝ 6 երեխա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ներկայումս շարունակվում են քաղաքացիների դիմումների ընդունման աշխատանքները։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։