Հնդիկները յուրացնում են Գյումրու բարբառը. ի՞նչն է Շառանին ու նրա ընկերներին բերել Հայաստան

Հնդիկ ուսանողները Գյումրիում
Վերջին ամիսներին Գյումրիում ավելացել է քաղաքին նոր գույն տվող հնդիկ, ինդոնեզիացի, աֆրիկացի ուսանողների թիվը։ Նրանք ոչ միայն քիչ-քիչ համակերպվում են շիրակյան ցրտին ու յուրացնում բարբառը, այլև մտածում են Գյումրիում մնալու և աշխատելու մասին:
Sputnik
Շառան Շեթին Մումբայից է, 18 տարեկան է: Երկու ամիս առաջ է ընկերների հետ եկել Հայաստան՝ կրթություն ստանալու նպատակով. Գյումրու «Պրոգրես» համալսարանում է սովորում , Ուսումնական պրակտիկան անցնում են «Գյումրի»բժշկական կենտրոնում:
Շառան Շեթին
Համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ բուժական գործ և ստոմատոլոգիա մասնագիտությունների գծով ստացած արտոնագրի հիմքում բուհի նյութատեխնիկական բազան է, հրավիրված մասնագետներն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլանը: Իսկ «World directory of medical schools» միջազգային կազմակերպության հետ համագործակցելը բազմաթիվ արտասահմանցի ուսանողների է բերել Գյումրի։
«Թեև նոր ենք արտոնագիր ստացել այդ մասնագիտությունների գծով, բայց փոխանակման հաշվին, այս պահին ունեք ուսանողներ նաև 2-5 կուրսերում»,-ասում է համալսարանի ռեկտորը։
Հիմա բուհում սովորում են 10 երկրների՝ այդ թվում Նիգերիա, Եթովպիա, Բանգլադեշ, Կամերուն, Շրի Լանկա, Հնդկաստան և այլն, 120 ուսանողներ, սակայն այդ թիվը գնալով ավելանում է: «Ուսանողների ամենամեծ թվաքանակը Հնդկաստանից է, ևս 150 հնդիկ ուսանողի ենք հրավեր ուղարկել, հիմա սպասում ենք: Շատ լավ ուսանողներ են՝ շնորհքով, ոչ մի ավելորդություն թույլ չեն տալիս»,-ասում է ռեկտորը։
Հնդիկ ուսանողները Գյումրիում
Մինչ պատրաստ կլինի բուհի հանրակացարանը, ուսանողներն ապրում են հյուրատներում կամ վարձակալած տներում։ Կեցության հարցերով խնդիրներ չկան, միջնորդ կազմակերպություններն են հոգում այդ ծախսերը։
Շառանի ու ընկերոջ՝ Փրասադ Բալերոյի համար Հայաստանում միակ դժվարությունը ցուրտն է՝ հնդկական շոգից հետո հայկական ցրտին համակերպվելու համար ժամանակ է պետք, բայց, ամեն դեպքում, Հայաստանում ոչ միայն ուսման վարձավճարն է ցածր, այլ նաև հարմարավետ է ու հանգիստ: «Գյումրիում շատ լավ է՝ Երևանի համեմատ հանգիստ է, մարդիկ շատ լավն են, ցրտից բացի մյուս խնդիրը լեզվական է՝ այստեղ շատ են ռուսերեն բառեր օգտագործում, իսկ մենք հայերեն ենք սովորում»»,-ասում է Շառան:
Փրասադ Բալերոն Գյումրիում
Շատ են այլ երկրների կրթական հաստատություններից Գյումրի տեղափոխվածները: Կան երիտասարդներ, ովքեր Հայաստանում են հարազատների խորհրդով: Փրասադ Բալերոյի եղբայրն է Երևանում սովորել, ինքը նախընտրել է Գյումրին:
Մինչ Գյումրի տեղափոխվելը 22-ամյա Քիրութիքա Քրուշնամութին սովորել է
Կարաչաևո-Չերկեսիայում. լեզվական դժվարություն նրա համար էլ կա՝ շատ բառեր, օրինակ, «կարտոշկան, սպասիբոն» հայերենի հետ է խառնում՝ չորս ամիսը դեռ քիչ է լեզվական այդ արգելքը հաղթահարելու համար: Հայաստանի մասին քիչ բան գիտեր՝ միայն այն, որ Ռուսաստանին մոտ է, Հնդկաստանի համեմատ ցուրտ երկիր է ու շատերն են այստեղ ռուսերեն խոսում:
Քիրութիքա Քրուշնամութին Գյումրիում
Ռուփա Գրափանին էլ է Հնդկաստանից։ Նախ մեկնել է Չինաստան ուսանելու, ապա տեղափոխվել Հայաստան: Ասում է՝ հայերը շատ հյուրընկալ են։ Գիտի նաև, որ շատերն այստեղ հնդկական ֆիլմերի սիրահար են ու իրենց «նամաստե»–ով են բարևում։ Ռուփա արդեն հասցրել է սիրել շաուրման:
Ռուփա Գրափանին Գյումրիում
Գյումրիում դեռ շատ վայրերում չեն եղել՝ հա՛մ եղանակը բարենպաստ չէ, հա՛մ էլ մինչև ուշ երեկո անց են կացնում համալսարանում, բայց հնդիկ հյուրերը վստահ են՝ դեռ կհասցնեն ավելի սիրել այս քաղաքը, մինչ այդ էլ կբարելավեն իրենց լեզվական գիտելիքները՝ նույնիսկ բարբառով:
Մինչ այս խումբը կփորձի «գյումրեցու անձնագիր ստանալ»` բարբառին տիրապետելով, համալսարանի ռեկտորն հավաստում է՝ նոր ուսումնական տարում Գյումրին կընդունի ավելի քան 1200 արտասահմանցի ուսանողի։
Ռաջաթ Կումարը Գյումրիում