Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է դարձել:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակչում վաստակեց 15.133 միավոր և գրավեց առաջին տեղը` դառնալով ոսկե մեդալակիր:
Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն էր աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի, իսկ հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն է օղակների վարժությունում:
Նշենք, որ երեկ` փետրվարի 25–ին, Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դուրս էր եկել հենացատկի եզրափակիչ: Դավթյանը որակավորման փուլում ևս գրավել էր առաջին տեղը։
Փետրվարի 25–ին եզրափակիչ էին դուրս եկել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը։ Փետրվարի 23-ին մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը չէր հաղթահարել որակավորման փուլը։ Նա զբաղեցրել էր 9-րդ տեղը և լքել պայքարը։