Պետերբուրգում ОМОН–ի աշխատակցի վրա կրակած Տիգրան Խաչիկյանը կալանավորվել է

Տիգրան Խաչիկյան
Տիգրան Խաչիկյանը մասնակի է ընդունել իր մեղքը, խափանման միջոց կալանավորման դեմ էլ չի առարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Կույբիշևի շրջանային դատարանը 2 ամսով կալանավորել է Սանկտ Պետերբուրգում մետրոյի «Гостиный двор» կայարանի մուտքի մոտ ОМОН–ի աշխատակցի վրա կրակած 50-ամյա Տիգրան Խաչիկյանին։ Տեղեկությունը հայտնում է Պետերբուրգի միավորված դատարանների մամուլի ծառայությունը։
«Կույբիշևի շրջանային դատարանը բավարարել է ՌԴ քրեական օրենսգրքի 317–րդ հոդվածով (ոտնձգություն իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Տիգրան Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Երեկ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մի տղամարդ կրակել է հատուկ նշանակության ջոկատի (ОМОН) աշխատակցի վրա, որը հոսպիտալացվել է, կրակողը` ձերբակալվել։ Տեղեկություն տարածվեց, որ ենթադրյալ հանցագործը Տիգրան Խաչիկյանն է Ուզբեկստանից, գրանցված է Սանկտ Պետերբուրգում։
Ըստ Պետերբուրգի միավորված դատարանների մամուլի ծառայության` դատարանի դահլիճում Խաչիկյանը հայտնել է, որ բարձրագույն զինվորական կրթություն ունի, սակայն այժմ թոշակի է անցել։ Նախաքննական մարմինը, ներկայացնելով կալանքի միջնորդությունը, մատնանշել է, որ Խաչիկյանը հարում է Ռուսաստանում արգելված «Артподготовка» շարժմանը։
Նշվում է, որ տղամարդը չի ենթարկվել հատուկ նշանակության ծառայության աշխատակցի` հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջին և 2 անգամ կրակել է իրավապահ մարմնի աշխատակցի ուղղությամբ։ Դեպքի վայրից 2 հրացան է առգրավվել, տրավմատիկ ատրճանակ և զինամթերք։
Ըստ դատարանների մամուլի ծառայության` Խաչիկյանն իր մեղքը մասնակի է ընդունել, խափանման միջոց կալանավորման դեմ էլ չի առարկել։