ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ և պատրաստ է առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացը՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում այս հայտարարությունն է արել ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է ԼՂ հայերի իրավունքներին ու անվտանգությանը, և այն պետք է լուծվի Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով:
Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանը բնավ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հավերժացնել, անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը Հարավային Կովկասում` ատելության և բռնության շրջափուլը հաղթահարելու համար:
«Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները և կայունություն հաստատել մեր տարածաշրջանում: Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավասության պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»,– ասել է պատգամավորը։
Խանդանյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի ավելի քան 30 տարի։
«Ես ավելի երիտասարդ եմ, քան այս հակամարտությունը, և որպես երիտասարդ խորհրդարանական, որպես երիտասարդ որոշում կայացնող՝ ես չեմ ցանկանում այս հակամարտությունը ժառանգություն թողնել հաջորդ սերնդին»,– ավելացրել է նա։
Պատգամավորը միաժամանակ շեշտել է, որ ադրբեջանական պատվիրակությունը ծաղրում է միջազգային հանրությանը, երբ խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին` ասում են, թե 2022 թվականի մարտ ամսից մինչ օրս այդ երթուղով Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ զորախմբի մի քանի հարյուր բեռնատար է անցել։
«Հարցս հետևյալն է. երբվանի՞ց մենք սկսեցինք հաշվել բեռնատարների քանակը, որոնք սնունդ, դեղորայք և վառելիք են հասցնում մեր բնակավայրեր, երբվանի՞ց է ազատ տեղաշարժի իրավունքը դարձել մեծահոգության դրսևորում, և դեռ որքա՞ն կարելի է ծաղրել միջազգային հանրությանը»,– ասել է նա։
Հայաստանյան պատվիրակության ղեկավարը հիշեցրել է նաև այս տարվա նախագահության կարգախոսը` «Սա մարդկանց մասին է» (It's about people), և հույս է հայտնել, որ դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։