Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է 2-րդ տեղը։ Նա վաստակել է 14.833 միավոր։
Հաղթողի կոչումը նվաճած ուզբեկ Աբդուլա Ազիզովը վաստակել է 14.866 միավոր։
Օղակների վարժությունում հայ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը (14.533 միավոր)։ Առաջին տեղում է հույն Էլեֆտերիոս Պետրոնիասը (14.966 միավոր)։
Հենացատկի եզրափակիչում հանդես կգա օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, իսկ օղակների վարժությունում` Վահագն Դավթյանը։