ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքի ստանդարտների ներդրման և դրա տեխնիկայի կիրառման շնորհիվ ուկրաինական զինված ուժերը փաստացի ՆԱՏՕ-ի բանակ են դարձել։ Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը «El Confidencial» թերթին տված հարցազրույցում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շմիգալը վստահ է, որ Ուկրաինայի զինված ուժերը պատերազմի վարման զգալի փորձ են կուտակել, որը Կիևը կարող է կիսել դաշինքի անդամ երկրների հետ։
«Այս ամենն ինձ վստահություն է ներշնչում, որ Ուկրաինան մոտ ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի շատ ուժեղ և միաժամանակ անհրաժեշտ անդամ։ Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամները շատ կարևոր որոշումներ են կայացնելու։ Մենք հույս ունենք, որ դրանք կլինեն այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում»,-պարզաբանել է վարչապետը։
Բացի այդ, Շմիգալը նշել է, որ Կիևն իրականացնում է անհրաժեշտ բարեփոխումները՝ ավարտելով Եվրահանձնաժողովի յոթ հանձնարարականների կատարումը։ Նրա գնահատմամբ՝ ԵՀ-ն այս գարնանը կքննարկի Ուկրաինայի ձեռնարկած բոլոր քայլերը, որպեսզի երկու տարի անց Կիևը ԵՄ անդամ դառնալու օրինական հնարավորություն ունենա։