«Սուրմալուի» պայթյունի գործով կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալածներից մեկը

«Սուրմալու» առևտրի կենտրոնը հրդեհից հետո
Այս տնտեսվարողն արդեն երկրորդ անգամ է կալանավորվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ վերաքննիչ քրեական դատարանը երեկ բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը:
2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով:
Վարույթի շրջանակում պարզվել էր, որ Վ.Հ.-ն, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի հետ 2019 թվականին կնքել էր պայմանագիր, որով պարտավորվել էր պահպանել տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանները և իր մեղքով վնաս պատճառելու դեպքում՝ փոխհատուցել այն:
«Սակայն, խախտելով պայմանագրով ստանձնած պարտավորությունները և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թականի հունիսի 18-ի հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» պահանջները` իր կողմից վարձակալված պահեստային տարածքում պահեստավորել էր մեծ քանակությամբ հրավառ նյութեր: Արդյունքում տեղի էր ունեցել պայթյուն՝ առաջացնելով ծանր հետևանքներ. զոհվել էր 16 անձ, 63 քաղաքացու առողջությանը պատճառվել էր տարբեր աստիճանի վնաս, այրվել էին առևտրային տաղավարներ, պահեստային տարածքներ և ավտոմեքենաներ»,– ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
2022 թվականի օգոստոսի 26-ին Վ.Հ.-ն ձերբակալվել էր: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Վ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր: 2023 թվականի հունվարի 21-ին, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով կալանավորման՝ որպես խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշել էր մերժել այն:
Հիշեցնենք` նախաձեռնված քրեական վարույթով 5 մեղադրյալ կա, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը` փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:
«Սուրմալուի» պայթյունի գործով 130 անձ է հարցաքննվել. կալանավորվածներից 1-ն ազատ է արձակվել