ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Փարիզում այսօր տեղի է ունեցել Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը, որին մասնակցել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Միջոցառման ընթացքում հայ և ֆրանսիացի գործարարները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց գործունեությանն ու արտադրանքին, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր:
Փարիզում կայացել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը
Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է նաև կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված բարձր տեխնոլոգիաներին, ինչպես նաև կայուն և կանաչ տնտեսությանը (վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն)։
Նշենք, որ Հայաստանի և Ֆրանսիայի ակտիվ քաղաքական wu մշակութային կապերի համեմատ երկու երկրների առևտրաշրջանառությունը բավական փոքր է: Վերջին տարիներին այն կազմում է Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 1%-ը (օրինակ՝ 2022-ին այն կազմել է 122 մլն դոլարից մի փոքր ավելի` 0,9%)։ Համեմատության համար նշենք, որ Գերմանիայի հետ առևտուրը կազմել է 3,8 տոկոս, Իտալիայի հետ՝ 2,4 տոկոս, Նիդեռլանդների հետ՝ 1,9 տոկոս: