ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) շարունակում է հաղթանակի հավակնել Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters միջազգային մրցաշարում։
Ութ տուրից հետո հայ գրոսմայստերը կիսում է առաջին–երկրորդ տեղերը հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ: Երկու շախմատիստներն էլ հնարավոր 8-ից վաստակել են 5-ական միավոր:
7-րդ տուրում Արոնյանն առաջին պարտությունն է կրել մրցաշարում` զիջելով ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, իսկ 8-րդ տուրում ոչ–ոքի է խաղացել ռուսաստանցի մեկ այլ շախմատիստ Անդրեյ Եսիպենկոյի հետ:
Վերջին տուրում Արոնյանը կխաղա Գուկեշի հետ։ Հատկանշական է, որ Լևոն Արոնյանը Գերմանիայի մրցաշարում տարիքով ամենամեծ մասնակիցն է, իսկ Գուկեշը՝ ամենաերիտասարդը։
Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներ: WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։