ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը պետք է հետևողական աշխատանք տանի, որպեսզի Ադրբեջանը կատարի Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը։ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով` միջանկյալ այդ որոշումը շատ կարևոր է և պետք է դիտարկել որպես իրավաբանական թիմի հաղթանակ, քանի որ դրանով արձանագրվել է, որ Ադրբեջանը տևական ժամանակ փակել է ( նկատի ունի Լաչինի միջանցքը,– խմբ.) և բացելու ուղղությամբ հնարավոր գործողություններ չի կատարում։ Իրավաբանը կարծում է, որ հայկական կողմը պետք է ռազմավարություն մշակի, որով կշարժվի այն դեպքում, եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը։
«Միջազգային իրավունքը ամորֆ համակարգ է, և դրա գործողությունը կախված է կողմերի ճիշտ աշխատանքից։ Եթե թողնես ինքնահոսի, ապա որոշումից որևէ օգուտ չի լինի։ Իրավաբանների աշխատանքը պետք է շարունակեն դիվանագետներն ու քաղաքական գործիչները։ Այդ փաստաթուղթը պետք է օգտագործվի բոլոր միջազգային հարթակներում, որտեղ հարցը քննարկվում է` սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբից մինչև ՄԱԿ–ի բոլոր ատյաններ»,– ասաց Սիմոնյանը։
Այս ամենի հետ մեկտեղ, ըստ նրա, Երևանը պետք է դատարանին ներկայացնի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որում խեղաթյուրվում են դատարանի կայացրած որոշման դրույթները, քանի որ այն անհարգալից վերաբերմունք է միջազգային դատարանի նկատմամբ և վկայում է ադրբեջանական կողմի պահանջը չկատարելու մասին։
«Եթե տեսնենք, որ դիվանագիտական գործիքակազմն այլևս արդյունավետ չէ, պետք չէ սպասել 1 տարի, կարելի է ընդամենը 1-2 շաբաթ սպասել։ Հայաստանը պարտավոր է օգտագործել ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի հարթակը, որովհետև դատարանի որոշումների չկատարման դեպքում այդ կառույցն է իր իրավազորության շրջանակում արդեն պարտադրում դրա կատարումը»,– ասաց մասնագետը։
Նրա կարծիքով` Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի քննությունը կարող է 3 և ավելի տարի տևել։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։